Լիբիական Afriqiyah Airways ընկերության օդանավը զավթած անձինք համաձայնել են բաց թողնել բոլոր 118 ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին ու հանձնել զենքը, գրում է Malta Today–ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գրավված օդանավում, որը հարկադիր վայրէջք է կատարել Մալթայում, 111 ուղեւոր կա։ Մալթայի վարչապետը հայտնել է, որ օդանավում գտնվում է 82 տղամարդ, 28 կին եւ 1 երեխա, ինչպես նաեւ անձնակազմի 7 անդամ։ Մալթայի օդանավակայանն այս պահին փակ է, բոլոր չվերթները չեղարկվել են կամ հետաձգվել։
Times of Malta–ն հայտնում է, որ Սեբհի–Տրիպոլի չվերթն իրականացնող օդանավը գրավել են 2 անհայտ անձ, որոնք պնդում են, որ զինված են նռնակներով։ Reuters–ի փոխանցմամբ օդաչուն փորձել է վայրէջք կատարել Լիբիայում, սակայն զավթիչները թույլ չեն տվել։ Այս պահին զինծառայողները շրջապատել են օդանավը։





























