Բախումները ԼՂ համակարգության սահմանային գոտում եւ շփման գծում հակամարտության կարգավորման հարցում որեւէ դրական ազդեցություն չեն կարող ունենալ։ Այս մասին դեկտեմբերի 22-ին, Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի (նստավայրը՝ Վիլնյուս) հետ հանդիպման ժամանակ նշել է Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միքսերը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը կողմերն անդրադարձան հայ-էստոնական երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերություններն առավել ընդարձակելու եւ խորացնելու հեռնկարներին։ Փոխադարձ ընդգծվեց բարձր մակարդակով այցերի անհրաժեշտությունն ու դրանց կարեւորությունը։

Խոսելով Արցախյան հիմնախնդրի մասին՝ դեսպան Մկրտչյանն իր զրուցակցին ներկայացրեց պաշտոնական Բաքվի կողմից շարունակվող ապակառուցողական գործելաոճը, ամենաբարձր մակարդակով տարվող հակահայկական քարոզչությունը, ինչպես նաեւ շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումները։

ԱԳ նախարար Միքսերը վերահաստատեց Էստոնիայի դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում՝ աջակցություն հայտնելով հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Նախարարը նաեւ ընդգծեց, որ բախումները սահմանային գոտում եւ շփման գծում հակամարտության կարգավորման հարցում որեւէ դրական ազդեցություն չեն կարող ունենալ։

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին։

Նախարար Միքսերն անդրադարձավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Էստոնիայի ձեռքբերումներին եւ նշեց, որ էստոնական կողմը պատրաստ է Հայաստանի հետ կիսել իր փորձը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի: