ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է երկրի ռազմական կարիքների համար գումարային միջոցների հատկացման մասին օրենք, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով փաստաթուղթը։

Օրենքը, մասնավորապես, սահմանափակում է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ։

«2017 ֆինանսական տարում ԱՄՆ պաշտպանության նախարարությանը հատկացված ոչ մի միջոց չի կարող հատկացվել ԱՄՆ ու Ռուսաստանի կառավարությունների միջեւ երկկողմանի ռազմական համագործակցությանը քանի դեռ պաշտպանության նախարարը պետքարտուղարի հետ միասին կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին չեն տեղեկացրել այն մասին, որ Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող գործողությունները»,- ասվում է փաստաթղթում։

Փաստաթղթում նաեւ ասվում է, որ Ռուսաստանը պետք է կատարի Ուկրաինայի վերաբերյալ մինսկյան համաձայնագրերը։

Միաժամանակ, փաստաթղթում ասվում է, որ այս սահմանափակումները չեն տարածվի ցանկացած գործողության վրա, որն ԱՄՆ-ին անհրաժեշտ է սպառազինումների հսկողության երկկողմանի ու միջազգային համաձայնագրերի շրջանակում, նաեւ այլ պայմանագրերով»։

Դրանք նաեւ չեն տարածվում այն միջոցառումների վրա, որոնք անհրաժեշտ են Աֆղանստանում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գործողությունների ապահովման համար։