Հոնկոնգում կբացեն Չինաստանի խոշորագույն թանգարանային համալիրի՝ «Գուգուն»-ի («Արգելված քաղաք») մասնաճյուղը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սինհուա գործակալությունը:

Այն տեղակայված կլինի Արեւելյան Կոուլուն շրջանի մշակութային կենտրոնում եւ 10 հազար քառակուսի մետր տարածք կզբաղեցնի:

Ակնկալվում է, որ թանգարանը կբացվի 2022 թվականին: Մշտական ցուցադրությունը բաղկացած կլինի Չինաստանի կայսերական դինաստիայի պատմության, «Գուգուն»-ի եւ չինական մշակույթի մասին ցուցանմուշներից:

Արգելված քաղաքը (Գուգուն) ամենալայնարձակ պալատական համալիրն է աշխարհում: Այն ներկայում Պեկինի գլխավոր պատմական համալիրն է: Դրա հիման վրա ստեղծված «Գուգուն» թանգարանում պահվում է կայսերական տանը պատկանող չինական ավանդական մշակույթի նմուշների խոշորագույն հավաքածուն: