Ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը մնում է ծայրաստիճան բարձր, ինչը հաստատել է Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Այս մասին Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում ասել է երկրի ազգային ոստիկանության ղեկավար Ժան Մարկ Ֆալքոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Դեկտեմբերի կեսերին Ֆրանսիայի խորհրդարանը հաստատել է մինչեւ 2017-ի հուլիս երկրում ԱԴ ռեժիմի երկարացումը ահաբեկչական սպառնալիքի պահպանվող սպառնալիքի պատճառով։ ԱԴ ռեժիմը կառավարության որոշումով ու նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկությամբ ներդրվել է Ֆրանսիայի ամբողջ տարածքում՝ անցած տարվա նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։
«Մեր հետախուզության ծառայությունները ամեն օր վերլուծում են ահաբեկչական սպառնալիքը։ Ֆրանսիայում մի քանի ամիս շարունակ այն շատ բարձր է մնում, ինչպես եւ եվրոպական մյուս երկրներում, որոնք միջազգային կոալիցիայի կազմում են։ Ցավոք, հաշվի առնելով Նիսի ահաբեկչության փորձը, Բեռլինում տեղի ունեցած հարձակումը հաստատում է, որ մարդաշատ տեղերում անհրաժեշտ է անվտանգության խիստ միջոցառումներ ձեռնարկել, եւ ակտիվ, եւ պասիվ բնույթի»,- հայտնել է Ֆալկոնը՝ պատասխանելով Բեռլինում ահաբեկչությունից հետո Ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքի վերագնահատման մասին հարցին։
Ազգային ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ ահաբեկչության ռիսկերի կապակցությամբ խստացվելու է հսկողությունը բոլոր մարդաշատ վայրերում, տոնավաճառներում, տեսահսկողություն է սահմանվելու որոշ վայրերում։ Այդ գործին ներգրավվել են ոչ միայն ոստիկանության, այլեւ անվտանգության ուժերը։
Հիշեցնենք, որ Բեռլինում դեկտեմբերի 19-ին բեռնատարը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, զոհվել էր 12, վիրավորվել 48 մարդ։ Պատասխանատվությունը ստանձնել էր ԻՊ խմբավորումը, ահաբեկչության մեջ կասկածվող 24-ամյա թունիսեցի Անիս Ամրին, որի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել, սպանվել է Իտալիայում ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։





























