Ամանորյա հրաշագործ Սանտա Կլաուսը դեկտեմբերի 24-ի կեսօրին սկսել է իր 61-րդ համաշխարային ճամփորդությունը, որպեսզի շնորհավորի Սուրբ ծնունդը ու նվերներ բաժանի մոլորակի յուրաքանչյուր երեխայի , հայտնում է ԱՄՆ ու Կանադայի ՀՕՊ միավորված հրամանատարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Սանտա Կլաուսը Հյուսիսային բեւեռում գտնվող իր նստավայրից դուրս է եկել սահնակով , որին ըստ ավանդույթի ինը եղջերուներ են լծված։ Նրանց համար վառելիքի դեր է կատարում խոտը, գազարն ու վարսակը։ Սանտան ուղեւորությունից առաջ լավ կերակրել է եղջերուներին, վերջին կարգադրությունները տվել էլֆերին ու անձամբ հետեւել նվերների փաթեթավորմանը։ Սանտայի տեղաշարժին հետեւում են ամերիկացի ու կանադացի զինվորականները։ Բացի դրանից սուրբծննդյան ճամփորդությունը կարելի է իրական ժամանակի ռեժիմում տեսնել www.noradsanta.org կայքում։