Գերմանիայի հարավում գտնվող Աուգսբուրգ քաղաքի 54 հազարից ավելի բնակիչներ պետք է կիրակի իրենց տները լքեն, քանի որ քաղաքի կենտրոնում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների բրիտանական հսկայական ռումբ: Սա պատերազմի ավարտից հետո Գերմանիայում ամենախոշոր տարհանումն է, փոխանցում է BBC-ն:
Հայտնի է, որ 1,8 տոննա կշռող ռումբը քաղաքի վրա է նետվել 1944 թվականի ռմբակոծման ժամանակ, որի հետեւանքով քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել է: Կիրակի առավոտյան քաղաքի կենտրոնը շրջափակվել է: Ոստիկանությունը հայտնել է, թե ոչ ոք չի կարող ասել՝ ռումբը վնասազերծելու համար որքան ժամանակ կպահանջվի:
Քաղաքի ծայրամասերի դպրոցներում եւ մարզադահլիճներում բացվել են տարհանվածներին եւ նրանց տնային կենդանիներին ընդունելու կենտրոններ: Քաղաքային իշխանությունները նաեւ հայտարարել են, որ Սուրբ Ծննդի օրը հասարակական տրանսպորտն անվճար կլինի:
Գերմանայում, որը ենթարկվել է դաշնակիցների զանգվածային ռմբակոծության, ամեն տարի Երկրորդ աշխարհամարտի ժամանակների չպայթած արկեր են հայտնաբերում: Դրանք սովորաբար բարեհաջող չեզոքացվում են, սակայն 2010 թվականին երկու տեխնիկներ զոհվել են հին ռումբը վնասազերծելիս: 2011-ի դեկտեմբերին Գերմանիայի արեւմուտքում գտնվող Կոբլենց քաղաքում իրականացվել է պատերազմի ավարտից ի վեր ռումբի վնասազերծման ամենամասշտաբային գործողությունը, երբ վնասազերծվել է Ռեյնի հատակում հայտնաբերված 2 արկ:





























