Քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի  ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որեւէ զիջման մասին խոսելն անտեղի է։ Այս մասին դեկտեմբերի 26-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՅԴ բյուրոյի «Հայ դատի եւ քաղաքական հարցերի» գրասենյակի  ղեկավար Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով՝ ՀՅԴ–ն համաձայն չէ Հայաստանի ո՛չ առաջին, ո՛չ երրորդ նախագահների դիրքորոշման հետ։ «Մենք բազմիցս նշել ենք, որ քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, զիջումներից խոսելն անտեղի է եւ սխալ։ Իսկ ընդհանուր առմամբ, մենք կարծում ենք, որ բանակցությունները պետք է այնպիսին լինեն, որ փոխզիջումները հավասարաչափ լինեն»,– ասաց Մանոյանը՝ հավելելով, որ հիմա վտանգավոր է խոսել զիջումներից։