Խոսել փոխզիջումների մասին, երբ մի կողմը որեւէ բան չի ցանկանում զիջել, անիմաստ է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին, որտեղ նա խոսում է ԼՂ հարցով փոխզիջումների անհրաժեշտության մասին:
«Այդ ելույթում որեւէ նոր բան չկար, միակ նոր բանը եւ լավ բանը ելույթի վերջին նախադասությունն էր, որ մեր մեծագույն հպարտությունը Հենրիկ Մխիթարյանն է: Խոսել փոխզիջումների մասին, երբ մի կողմը որեւէ բան չի ցանկանում զիջել, անիմաստ է: Մենք ունենք հնարավորություն, ներքին ռեսուրսները մոբիլիզացնելու մեծ ներուժ, համազգային էներգիան կուտակելու ներուժ, ուրեմն կարող ենք, ուղղակի պարտավոր ենք մեր ներսի խնդիրները լուծել ինքներս, դրանով հզորացնել մեր անվտանգությունը»,- ասաց Աղվան Վարդանյանը:





























