Չինաստանի Սիչուան նահանգի մշակութային օբյեկտների պահպանության գերատեսչությունը սկսում է գանձերի որոնումները, որոնք պատմական գրառումների համաձայն՝ մոտ 400 տարի առաջ մնացել են Չժան Սյանչժունի գյուղացիական ապստամբությունից հետո: Այս մասին հայտնում է «Սինհուան»:

Մինցզյան գետի վրա արդեն շինարարական աշխատանքներ են սկսվել:

Չժան Սյանչժունը 1630 թվականին մասնակցել է Մին (1368 - 1644) արքայատան դեմ գյուղացիական ապստամբությանը եւ դարձել ապստամբների առաջնորդներից մեկը: 1643 թվականին նրա զորքը գրավել է Ուչան (ներկայիս Ուհան) եւ Չանշա քաղաքները եւ Հունան նահանգը: Մեկ տարի հետո նա իրեն կայսր է հռչակել եւ զավթած Չենդուն մայրաքաղաք է դարձրել:

Սակայն նրան չի հաջողվել երկար կառավարել: 1646 թվականին վճռրորոշ մարտ է տեղի ունեցել ապստամբների եւ մանջուրական զորքերի միջեւ: Չժան Սյանչժունը նետահարվել է եւ սպանվել: Պատմական որոշ գրառումներում նշված է, որ ապստամբների մեծ քանակով գանձերով բեռնված նավերը արյունահեղ մարտի ընթացքում հրդեհից հետո խորտակվել են Մինցզյան գետում: