Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ավազակային հարձակման մեջ մեղադրվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Անդրանիկ Ա.-ն հաղորդում է տվել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Անդրանիկ Ա.-ն 2016թ.-ի հուլիսի 23-ին` հանցագործություն կատարելուց հետո, իր ավտոմեքենայով դիմել է փախուստի, սակայն Երեւան-Իջեւան ավտոճանապարհին վթարի է ենթարկվել: Դեպքից հետո Անդրանիկ Ա.-ի քրեական գործը քննող ՀՀ քննչական կոմիտեի քննիչը ավտոմեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերել է կալանավորին պատկանող` 3.500.000 ՀՀ դրամ արժողությամբ «Վերտու» ապրանքանիշի հեռախոս, սակայն, ելնելով շահադիտական նպատակներից, չի կատարել իր ծառայողական պարտականությունները` թաքցրել է թանկարժեք հեռախոսի հայտնաբերման փաստը եւ այն չի կցել քրեական գործի նյութերին: Այդպիսով, վերջինս, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները,  էական վնաս է հասցրել պետության, ինչպես նաեւ Անդրանիկ Ա.-ի օրինական շահերին եւ իրավունքներին:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: