Ադրբեջանի ռազմաբարո քաղաքականությանը չի տրվում համապատասխան գնահատական Մինսկի խմբի համանախագահների եւ ՀԱՊԿ-ի կողմից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը դեկտեմբերի 29–ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիայի առնչությամբ։ Զոհրաբյանը համաձայն չէ քաղաքական որոշ գործիչների հետ, ովքեր Բորդյուժայի հայտարարության մեջ տեսել են հասցեականություն եւ Ադրբեջանի նկատմամբ ճնշում։

«Ուրախանալ մի ձեւակերպման համար, որը մի ժամ անց կարող է մեկ այլ ձեւակերպման վերածվել, ընդամենը սրտի մխիթարանք է: Պետք է չուրախանանք ու անհամբեր չսպասենք, թե երբ է ՀԱՊԿ-ի մի ներկայացուցիչ մի քիչ ավելի պոզիտիվ ձեւակերպում օգտագործում»,– ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այսօր հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն փորձը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ՀԱՊԿ անդամ լինելը, տարբեր պայմանագրեր ստորագրելը որեւէ երաշխիք չեն կարող լինել:

«Հերթական անգամ համոզվեցինք, թե որքան ադեկվատ եւ ռացիոնալ գործիչ է Ալիեւը, ինչպես վերջերս նրան համարեց իմ կողմից շատ հարգված Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հերթական անգամ համոզվեցինք, որ ադեկվատ բանակցություն ակնկալել Ադրբեջանից հնարավոր չէ: Մենք նաեւ հերթական անգամ համոզվեցինք, որ Ադրբեջանը ուժից բացի այլ լեզու չի հասկանում: Ես ցավում եմ, որ Ադրբեջանը հերթական անգամ ցույց տվեց իր իրական դեմքը, մարդասպան որակները, Ալիեւն հերթական անգամ ցույց տվեց, որ ամենաիռացիոնալ եւ ոչ ադեկվատ երեւույթն է տարածաշրջանի քաղաքական ներկապնակում: Ո՞ւմ հետ խոսես, բանակցես խաղաղության մասին՝ իռացիոնալ կենդանու հե՞տ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 29-ին, հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով հայկական կողմն ունեցել է երեք զոհ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը:                                         

Ադրբեջանական դիվերսիային արձագանքել է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան. «ՀԱՊԿ անդամ պետության տարածքում նման գործողությունները գնահատում ենք որպես սադրանք, հատկապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այս տարվա ապրիլին ծանր զինատեսակների եւ զրահատեխնիկայի կիրառմամբ բավականին ծանր միջադեպի ֆոնին։ Թվում էր, թե երկու կողմերի, ինչպես նաեւ որոշ պետությունների առաջնորդների կողմից ձեռնարկած ջանքերը հաշվի առնելով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վերջապես ավելի ակտիվ կընթանա։ Սակայն վերջին ժամանակներս տարածաշրջանից ստացվող հրադադարի մասին համաձայնությունների խախտման մասին տեղեկությունները, հատկապես դեկտեմբերի 29-ի միջադեպը, որը զինծառայողների մահվան պատճառ է դարձել, լուրջ մտահոգության տեղիք է տալիս»։