Երկու դրվագով սուտ մատնություն կատարելու դեպքի վերաբերյալ իրականացված նախաքննության արդյունքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, բնակարանային գողության մեջ մեղադրվող Տիգրան Հարությունյանին, ով ՀՀ հատուկ քննչական ծառայությանը  կեղծ տեղեկություններ է  հաղորդել ոստիկանի ու քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու եւ կաշառք ստանալու մասին:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ  նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` Տ. Հարությունյանին 20.07.2016-ին գողության կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանություն եւ խուզարկել: Սակայն, որոշ ժամանակ անց, Տ. Հարությունյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը կեղծ հաղորդում է տվել այն մասին, թե, իբր, ոստիկանության օպերլիազոր Ա. Կարակոզյանն իրեն անձնական խուզարկության չի ենթարկել, հետեւաբար` չի հայտնաբերել այդ ժամանակ իր մոտ եղած 35.000 ՀՀ դրամը, այնուհետեւ կազմել է ձեւական արձանագրություն, որում նշել է, թե ընթերակաների մասնակցությամբ խուզարկություն է կատարվել: Նախաքննության արդյունքում, սակայն, պարզվել է, որ Տ. Հարությունյանը սուտ մատնություն է կատարել` ոստիկանության աշխատակցին հանիրավի մեղադրելով պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Բացի այդ, կալանավորը սուտ տվյալներ է հաղորդել ՀՀ քննչական կոմիտեի ավագ քննիչ Ս. Հովհաննիսյանի մասին: Մասնավորապես, հայտնել է, թե, իբր, ոստիկանությունից  ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժին տեղափոխվելուց հետո նշված 35.000 դրամը որպես կաշառք տվել է Ս. Հովհաննիսյանին՝ խնդրելով իր նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն գումարը վերցնելուց հետո վերջինս խոստումը չի կատարել: Տ. Հարությունյանը կալանավորվել է: 

Սուտ մատնություն կատարելու եւս երկու դեպքի վերաբերյալ կատարված լրիվ եւ բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ նախկին կալանավորներ Վահագն Ավագյանը եւ Արմեն Այվազյանը հանցագործության մասին սուտ մատնություն են կատարել եւ ոստիկանության ավագ քննիչ Սամվել Հովհաննիսյանին հանիրավի մեղադրել պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: 

Թե՛ Վ. Ավագյանը եւ թե՛ Ա. Այվազյանը կեղծ տեղեկություններ են հաղորդել այն մասին, որ Ս. Հովհաննիսյանի վարույթում գտնվող քրեական գործով կատարված քննչական գործողությանը որպես ընթերակա չեն մասնակցել եւ այդ կապակցությամբ կազմված արձանագրությունում, առհասարակ, որեւէ գրառում չեն կատարել: Սակայն Հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության արդյունքում պարզվել է, որ նշված  անձինք իրականում մասնակցել են քննչական գործողությանը եւ որպես ընթերակա ստորագրել քննիչի կազմած արձանագրությունում:

Այսպիսով, սուտ մատնություններ կատարելու համար Տիգրան Հարությունյանին, Վահագն Ավագյանին եւ Արմեն Այվազյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Ի դեպ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ  նախորդ տարվա համեմատ`  սուտ մատնությունների թվի էական աճ է արձանագրվել. եթե 2015թ.-ին սուտ մատնության դեպքերի առթիվ հարուցվել էր ընդամենը 17 քրեական գործ, ապա 2016 թ.-ին դրանց թիվը կտրուկ աճել է` կազմելով 46 գործ: Բոլոր քրեական գործերով մեղավոր անձինք ենթարկվել են քրեական պատասխանատվության: