Ժիրայր Լիպարիտյանի հարցազրույցում վերլուծություններ են արվում ինչ-որ աղճատված տեղեկատվության, ինչ-ինչ վարկածների, այլ ոչ թե ընթացող բանակցությունների մասին ամբողջական, խորը պատկերացումների։ Այդ մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահի նախկին գլխավոր խորհրդական, 90-ականներին հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ժիրայր Լիպարիտյանի հարցազրույցում արտահայտած տեսակետները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։

«Եթե անդրադառնամ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բուն գործընթացի վերաբերյալ ասվածին, երբ առանձնացնում ես զգացմունքային, փիլիսոփայական մտավարժանքն էությունից, ապա տակը ընդամենը փուչ է մնում։ Հարցազրույցում վերլուծություններ են արվում ինչ-որ աղճատված տեղեկատվության, ինչ-ինչ վարկածների, այլ ոչ թե ընթացող բանակցությունների մասին ամբողջական, խորը պատկերացումների, իրական մանրամասների վրա, հետեւապես արվող երզակացությունները ոչ միայն չեն կարող օգտակար լինել, ավելին՝ պարզապես վնասակար են»,- նշել է Նալբանդյանն ու հավելել. «Որպես անցյալում բանակցությունների մասնակից, առնվազն պետք է ինքն իրեն հարցներ. արդյոք այս կարգի հայտարարությունները օգուտ կտան բանակցային գործընթացին կամ ում ջրաղացին են դրանք ջուր լցնում»։

Ըստ ասվածի, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ 1997թ. ի վեր ոչ բանակցություններ են եղել, ոչ էլ հանդիպումներ։ «Հիշեցնեմ, որ միայն նախագահների մակարդակով մի քանի տասնյակ հանդիպումներ են կայացել։ Եթե այդ հանդիպումների արդյունքներն այդքան վնասակար էին մեզ համար, ապա ինչու էր ամեն անգամ հենց Ադրբեջանը հրաժարվում դրանց արդյունքներից։ Ինչպես դա եղավ Կազանում, Կազանից առաջ՝ Սոչում, Սոչիից առաջ՝ Մոսկվայում, Մոսկվայից առաջ՝ Աստրախանում, Աստրախանից առաջ՝ Սանկ-Պետերբուրգում ու այսպես կարող ենք երկար շարունակել»,- ասել է ԱԳ նախարարը՝ հավելելով. «Արդյոք պատահականություն է, որ Ադրբեջանը մինչ այսօր հղումներ է կատարում այն հայտնի փաստաթղթերին, որոնք ընդունվել են 1997թ. առաջ։ Վստահ եմ, որ այդ փաստաթղթերը հարցազրույց տվողին քաջ հայտնի են։

«Հայաստանի դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության մոտեցումներին, այլ ոչ թե հակառակը, ինչպես պնդվում է հարցազրույցում։ Ավելին. Ո՞վ է խրտնում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտնի հինգ հայտարարություններից եւ բոլորովին վերջերս Համբուրգում եռանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունից։ Հենց Ադրբեջանը։

Երեք օր առաջ Հանրապետության Նախագահը արտգործնախարարությունում ունեցած իր ելույթում հստակ, սպառիչ եւ շիտակ գնահատական տվեց այս կարգի մեկնաբանություններին»,- ամփոփել է ԱԳ նախարարը։

Նշենք, որ Ժիրայր Լիպարիտյան հարցազրույց էր տվել «Առավոտ» թերթին։