ԱՄՆ կոնգրեսի նոյեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում, ըստ ամենայնի, հաղթանակ կտանի հանրապետական կուսակցությունը, քանի որ ամերիկացի ժողովուրդը, որն այդքան մեծ հույսեր է կապում դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի հետ, հիասթափվել է նրանից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդին առընթեր Բերթոլդ Բեյցի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ռարը:
Նա ընդգծել է, որ ընդհանուր առմամբ Օբաման քաղաքականապես կոռեկտ է գործում՝ շեշտը դնելով սոցիալական ռեֆորմների, ներքին խնդիրների վրա: «Պարզապես ժողովրդին բարդ է բացատրել, որ սոցիալական բարեփոխումները չեն կարող արագ արդյունք տալ: Բացի այդ, ամերիկացի ժողովուրդն իրեն համարում է ահռելի հնարավորությունների ժողովուրդ, եւ նրան դուր չի գալիս ներքին խնդիրների վրա շեշտադրում անող նախագահը»,- նկատել է Ռարը: Նա նշել է նաեւ, որ անգամ հանրապետականների հաղթանակի դեպքում Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը չի փոխվի, քանի որ այն կարգավորվում է ոչ թե կոնգրեսի, այլ սպիտակ տան կողմից: «Իսկ ներքին բարեփոխումների կուրսը կբարդանա, քանի որ Օբաման ստիպված է լինելու ամեն հարցում փոխզիջման գնալու»,- ասել է Ռարը:
Նշենք, որ նոյեմբերի 2-ին կայանալու է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները:




























