Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները եւ ՀՀՇ վարչությունը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մեկնել են ՀԱԿ Վանաձորի գրասենյակ՝ տեղի ակտիվի հետ հանդիպելու, ինչպես նաեւ նախկին քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանին տեսակցելու նպատակով։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը։
«Այս պահին մեր տրամադրությունը շատ բարձր է, որովհետեւ սա աչքալուսանքի միջոցառում է։ Դա պայմանավորված է քաղբանտարկյալներից մեկի՝ Աշոտ Մանուկյանի ազատ արձակմամբ։ Նա բավականին ոգեւորված է, շատ վճռական, եւ մենք էլ հույս ունենք, որ վերջինիս ազատ արրձակմամբ ՀԱԿ-ի Վանաձորի գրասենյակը նոր լիցքեր կստանա»,- հույս հայտնեց Կարապետյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ Մանուկյանի գործն ամենազավեշտական գործերից էր։
Վերջում Վլադիրմիր Կարապետյանը ավելացրեց, որ այս պահին Հայաստանի առաջին նախագահը հանդիպում է անցկացնում ՀԱԿ Վանաձորի կենտրոնական գրասենյակի ակտիվի հետ։
Նշենք, որ քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը «Վանաձոր» ՔԿՀ-ից ազատ էր արձակվել հոկտեմբերի 29-ին։ Մանուկյանը ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերից հետո եւ դատապարտվել 5 տարվա ազատազրկման` ոստիկանի նկատմամբ ծանր հետեւանքներ առաջացրած բռնություն կիրառելու մեղադրանքով:
Քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը բանտում է անցկացրել 2 տարի 8 ամիս եւ ազատ է արձակվել պատժաժամկետի կեսը կրելուց հետո:





























