Արդեն 10 տարուց ավելի է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հայտարարված է գերակա ճյուղ, սակայն զարգացման տեմպով հետ ենք մնում մեր այն հարեւաններից, որոնց մոտ ՏՏ-ն գերակա ճյուղ չի հայտարարվել: Այս մասին նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային խորհրդի անդամ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նրա խոսքով` դրական տեղաշարժեր Հայաստանում կան, սակայն հարեւան երկրներում այդ տեղաշարժերը ավելի զգալի են: Բացի այդ՝ հարեւան երկրներում հսկայական գումարներ են ծախսում ոլորտի զարգացման համար, մինչդեռ Հայաստանում քննարկվում են միայն տարբեր հայեցակարգեր եւ ոլորտի զարգացման ռազմավարություններ:

«Որպեսզի կառավարությունը դեկլարատիվ հայտարարություններից անցնի իրական քայլերի, նախ եւ առաջ պետք է լուրջ արտոնություններ տրամադրի ոլորտին, ուրիշ գաղտնիք չկա»,-ասաց Հ. Մուսայելյանը: Իսկ արտոնությունների տրամադրման համար անհրաժեշտ են լուրջ օրեսդրական փոփոխություններ: Բանախոսը որպես օրինակ բերեց Թուրքիային, որտեղ հարկերից ազատում են օտարերկրյա ընկերություններին։

Դրա շնորհիվ, օրինակ, «Մայքրոսոֆթը» 4 մլրդ դոլարի  ներդրում է արել Թուրքիայում` դպրոցներում, կրթական համակարգում եւ այլն:

Ռուսաստանի Պետդումայում այսօր նույնպես քննարկվում են ՏՏ ոլորտի ընկերություններին մաքսային եւ հարկային արտոնությունների տրամադրում իրականացնել կարգը։

Հ. Մուսայելյանի խոսքով` ինքը չի հասկանում թե ինչու մինչեւ այսօր Հայաստանում արտոնություններ չեն տրվում այն ընկերություններին, որոնք ներդրումներ են անում կրթության բնագավառում:

«Այս հարցը նոր չէ, արդեն 10 տարի է բարձրացնում ենք, իսկ մեզ ասում են՝ չենք ուզում ստեղծել ջերմոցային պայմաններ որեւէ ոլորտի նկատմամբ: Բայց եթե չեք ուզում ստեղծել, ինչո՞ւ եք հայտարարություններ անում»,-ասաց Հ. Մուսայելյանը: