ԱՄՆ-ի քաղաքական կառույցներում միջանկյալ ընտրություններից առաջ հայամետ եւ հակահայ ուժերի բաշխումն իրատեսական չէ: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ Դատի ամերիկյան կոմիտեի ղեկավար, Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: Նրա խոսքով, հիմա ե՜ւ հայամետ ուժերը, ե՜ւ նրանց ընդդիմախոսները գտնվում են չկողմնորոշված վիճակում:
«Հատկապես մեզ համար դժվար է Նեւադայում, որտեղ ծայրահեղ լարված վիճակ է: Անհամեմատ հեշտ է Կալիֆորնիայում: Ընդհանուր առմամբ, երկրի ողջ տարածքում դաժան պայքար է ընթանում»,- ասաց նա:
Հարցին, թե ո՞ւմ նկատի ունի, երբ ասում է ընդդիմախոս, Էլիզաբեթ Չուլջյանը պատասխանեց. «Նրանց, ովքեր խանգարում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նրանց, ովքեր ընդդիմանում են ԼՂ անկախության ճանաչմանը, ովքեր խոչընդոտներ են ստեղծում Հայաստանին տրամադրվող օգնության հարցում, ինչպես նաեւ թուրքամետ եւ ադրբեջանամետ ուժերին»:
Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարներից մեկը՝ Դանիել Քուշակյանն, իր հերթին, NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հույս հայտնեց, որ սենատորների, կոնգրեսականների, քաղաքական գործիչների ու հասարակական գործիչների հիմնական կազմը, ում հետ ԱՄՆ հայ համայնքը սերտ կապեր է հաստատել, կմնա եւ հետագայում էլ հնարավոր կլինի խորացնել երկկողմ ջերմ հարաբերությունները:
Քուշակյանն ընդգծեց, որ հայ համայնքը հանդես չի գալիս ԱՄՆ երկու հիմնական քաղաքական ուժերից մեկի՝ հանրապետականների կամ դեմոկրատների օգտին: «Մենք նրանց կողքին ենք, ովքեր մեզ հետ են»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում ԱՄՆ կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են կայացել: Ամբողջությամբ վերընտրվելու է Ներկայացուցիչների պալատը, ինչպես նաեւ 100 սենատորներից 37-ը: Բացի այդ, տեղի կունենան նահանգապետերի ընտրություններ:
Ընտրություննեն անվանում են «միջանկյալ», որովհետեւ դրանք տեղի են ունենում 2008-ի նախագահական ընտրություններից ուղիղ 2 տարի անց եւ հաջորդ նախագահական ընտրություններից ուղիղ 2 տարի առաջ:





























