ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքում քաղաքական վերադասավորումները կարող են նոր հնարավորություններ ստեղծել համահայկական նշանակության հարցերի լոբբինգի համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:
«Ընդհանուր առմամբ, ընտրությունների արդյունքները հայերի տեսանկյունից կարելի է դրական գնահատել, քանի որ Կոնգրես է անցել Հայ դատի գրասենյակի աջակցությունը վայելող թեկնածուների 90 տոկոսը: Այնպես որ հայամետ կոնգրեսականների թիվը անփոփոխ է մնացել: Բայց հարցն այն է, որ ընտրություններում հաղթել են հանրապետականները, եւ դեմոկրատ նախագահ Օբաման եւ Սպիտակ Տունը չեն կարող նախկին ճնշումը բանեցնել Կոնգրեսի վրա»,- նկատել է Մանոյանը՝ նշելով, որ դա կարող է հեշտացնել համահայկական նշանակության հարցերը Կոնգրեսում անցկացնելու գործը, իսկ նախկինում Օբամայի վարչակազմը մեծապես խոչընդոտում էր դրան:
Մանոյանին ուրախացնում է Թուրքիայի անհանգստությունը Կոնգրեսի ընտրությունների կապակցությամբ: «Ուրեմն Թուրքիան էլ հասկանում է, որ նոր քաղաքական դասավորությունը ձեռնտու է հայերին»,- ասել է Մանոյանը:
Նշենք, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ընտրություններում հաղթանակ է տարել հանրապետական կուսակցությունը:





























