Քաղբանտարկյալների միասնական ցուցակ կազմող աշխատանքային խմբի անդամները դիմել են Եվրոպայի խորհրդի ղեկավարներին՝ կոչ անելով ուշադրություն դարձնել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին։
Contact.az–ը հայտնում է, որ դիմումը հասցեագրված է ԵԽԽՎ նախագահին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ԵՄ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին, ԵԽԽՎ մարդու իրավունքների հարցերով եւ քաղաքական ու ժողովրդավարության գործերով հանձնաժողովներին, վեհաժողովի քաղաքական խմբերին։
Ուղերձի հեղինակները հիշեցնում են, որ ԵԽԽՎ–ում Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկույցի տապալումից անցել է 4 տարի։ Դրանից հետո քաղաքական ազատությունների վիճակը վատացել է։ Տասնյակ անձինք կալանավորվել են կեղծ մեղադրանքներով, հալածանքների են ենթարկվել քաղաքական գործունեության համար։ Այս պահին Ադրբեջանում կա առնվազն 120 քաղբանտարկյալ։
Աշխատանքային խմբի անդամները ցավով արձանագրում են, որ Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի գնահատման համար նշանակված աշխատանքային խմբի անդամ Ալեն Դեսթեքսը չի աշխատել՝ համաձայն իր մանդատի, խուսափել է քաղաքացիական հասարակության եւ իրավապաշտպանների հետ համագործակցությունից եւ առհասարակ իր մանդատի շրջանակներում Ադրբեջան չի ժամանել։





























