2016 թվականին Զինված ուժերում ավելացել է ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած սպանությունների ու ինքնասպանությունների թիվը: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, «Մարդու իրավունքները զինված ուժերում. 2016-ի ամփոփում» թեմայով քննարկման ժամանակ նշել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ, բանակում զոհված զինծառայողների գործերը լուսաբանած լրագրող Ժաննա Ալեքսանյանը՝ հավելելով. «Բանակում կա մի կրիմինալ մթնոլորտ, որը զինվորներին ստիպում է գնալ ինքնասպանության կամ տեղի են ունենում սպանություններ»:
Անդրադառնալով երեկ զինծառայող Շավարշ Գալստյանի մահվան դեպքին, նա ասաց. «Մենք հո գիտենք՝ ինչպես է զինվորական դատախազությունը աշխատում: Բազմաթիվ դեպքերի ենք դատարաններում ականատես լինում, որ կատարվածը ինքնասպանություն չէ: Շատ զարմացա, որ մահվանից քիչ անց արդեն որակված էր, որ դա ինքսպանություն է, մենք բազմաթիվ անգամ ենք համոզվում, որ դրանք ինասպանություններ չեն, ջանքեր են գործադրվում, որ բացահայտվեն, դա է նաեւ պատճառը, որ բանակում անպատժելիության մթնոլորտը շարունակվում են: Երեկվա դեպքը արտառոց էր, որ մահացած զինծառայողն ապրում էր միայնակ, մոր հետ, տուն չունեն, ապրում էին հանրակացարանում»:
Քննարկմանը նեկա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ նշեց, որ Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր չի տեսնում:
Նրա խոսքով, պաշտպանության նոր նախարարի առաջարկած «ազգ-բանակ» հայեցակարգն անտեղի է, քանի որ զինված ուժերում շատ կան խնդիրներ եւ առաջինը դրանք պետք է լուծվեին: «Ինձ համար մտահոգիչ է ազգ-բանակ կոնցեպցիան: Պաշտպանության նոր նախարարը մուտք է գործում բնագավառ ու առաջին հերթին լուծում ֆինանսների խնդիրը, ոչ իրավական: Ոչ թե ուշադրություն է դարձվում զինված ուժերում մարդու իրավունքների, կանոնադրական հրաաբերությունների, կոռուպցիայի ու մահացության դեպքերին է, այլ այս ամբողջ փնջից ոչինչ չի վերցվում ու օրակարգային հարց է դառնում հասարակությունից գումար հավաքելը: Սա անթույլատրելի վերաբերմունք է»,-ընդգծեց Սաքունցը:




























