Քննադատելով պաշտպանության նախկին նախարար, հիմա արդեն շնորհազուրկ Սաֆար Աբիեւին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մոռանում է այն ժամանակ ծախսած միլիարդավոր դոլարների մասին։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ օրերս Ալիեւը կոշտ քննադատել էր Աբիեւին։ «Մեր զորամասերում իրավիճակը մի քանի տարի առաջ բոլորովին այլ էր։ Ես կարգադրել էի ուսումնասիրել իրադրությունը, զեկուցել ինձ ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։ Երբ մի քանի տարի առաջ ինձ ներկայացրել էին երկրի մարզերում գտնվող զորամասերի լուսանկարները, ես տեսել էի , որ իրավիճակը ծայրաստիճան անմխիթարական է՝ կիսավեր շենքեր, անպիտան զորանոցներ։ Բանակի պարենամթերային ապահավումը շատ ցածր մակարդակի վրա էր»,- ասել է Ալիեւը։

«Աբիեւի ժամանակ ադբեջանական բանակի սպառազինման վրա ծախսվել էր մոտ 10 մլրդ դոլար։ Համենայն դեպս այս մասին ադրբեջանական կողմն էր հայտարարել։ Հիմա պարզվում է, որ այդ հսկայական ծախսերի արդյունքում ադրբեջանական բանակը ստացել է «կիսավեր շենքեր, անպիտան զորանոցներ»,իսկ պարենամթերային ապահովումն էլ շատ ցածր մակարդակի վրա է։ Այդուհանդերձ, կարգախոսները ինչպես այն ժամանակ, այդպես էլ հիմա նույն ոճով են հնչում՝ ամենաուժեղ, անպարտելի եւ այլն։ Ստացվում է, որ Ադրբեջանի նախագահը փաստորեն ընդունում է , որ «անպարտելին» այնքան էլ «անպարտելի չէր»,- նշում է փորձագետը, հավելելով, որ ամենայն հավանականությամբ բանակի կարիքներին ուղղված միջոցների կեսը այդպես էլ ըստ նշանակության չի ծախսվել։

Սաֆար Աբիեւը նախարարի պաշտոնին հրաժեշտ է տվել 2013-ի հոկտեմբերին։ Չնայած զանգվածային խախտումներին, ԱՀ ՊՆ նախկին ղեկավարությունը այդպես էլ պատասխանատվության չի կանչվել։