Բակակում տիրող ոչ կանոնադրային բարքերը եւ զինվորների իրավունքների խախտումները հիմնականում զինվորների իրազեկվածության պակասի արդյունք են։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը։
«Պետք է մեր դպրոցներում կամ համալսարաններում այնպիսի առարկաները, ինչպիսին ՆԶՊ-ն է, Հասարակագիտությունն է, բարձրացնեն այն մակարդակի, որ ունենանք 18 տարեկան իրազեկ քաղաքացիներ, որոնք կիմանան իրենց իրավունքները պաշտպանել, որովհետեւ շատ ժամանակ խնդիրները առաջանում են հենց իրազեկվածության պակասից»,- ասաց նա։
Նա կարեւորեց նաեւ այն, թե ինչ միջավայրում է զինվորը անցկացնում ծառայությունը. «Ո՞վ է սպան, ո՞վ է կառավարում փոքր օղակներում, ի՞նչ բարքեր են. Կարող է գնա գերազանց կրթություն ունեցող մեկը ու, Աստված գիտի ինչ անի, կարող է գնա խուլիգան մեկը ու դառնա ազգային հերոս, ունենք չէ՞ մենք էդ դեպքերը»։
Ըստ նրա, իրավունքների պաշտպանվածության հարցը միայն բանակի խնդիրը չէ, Հայաստանում յուրաքանչյուր տեղ մարդ կարող է բախվել նման խնդրի, սակայն բանակի նման փակ տարածություններում խնդիրն ավելի ուժեղ է դրսեւորվում։
«ՀՀ-ում մարդու իրավունքները որեւէ տեղ պաշտպանված չեն, ինչու՞ ենք մտածում, որ հենց բանակում պաշտպանված է լինելու։ Ինչու համալսարաններում պաշտպանված է, դպրոցներում պաշտպանված է, մանկապարտեզում պաշտպանված է, փողոցում պաշտպանված է, միայն բանակի՞ խնդիրն է։ Քանի՞ դեպք է լինում, երբ փողոցում մեկը մեկին կրակում է, ուրիշը գնում նստում է։ Պարզապես փակ կառույցներում այսպիսի խնդիրները ավելի վառ են արտահայտվում»,- ասաց Պողոսյանը։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զարուհի Հովհաննիսյանն էլ նշեց, որ բանակում շատ են իրավախախտման դեպքերը, որոնք դրսեւորվում են թե´ հարաբերություններում, թե´ այլ հարցերում։
«Բանակում մարդու իրավունքներն ամեն վայրկյան են խախտվում՝ սկսած նրանից, որ ծնողները ստիպված են լինում հագուստ ուղարկել զինվորներին, վերջացրած բանակում տիրող ոչ կանոնադրային հարաբերություններով, որոնք պատճառ են դառնում սպանությունների եւ ինքնասպանությունների։ Ընդ որում, ինքնասպանություններ են դիտարկվում այնպիսի դեպքեր, երբ կան ակնհայտորեն խոշտանգված մարմիններ։ Չհաշված, որ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով նստում են պատահական կամ կասկածելի մարդիկ։
Բացի այդ, ինչպե՞ս է պատահում, որ վտանգավոր վայրերում ծառայում են հենց անապահով ընտանիքի երեխաները։ Այստեղ արդեն բացահայտվում է կոռուպցիոն շղթան։ Ընտրությունների ժամանակ բանակը նպաստում է իշխանության վերարտադրությանը, ծառայեցվում է իշխանությանը։ Դրանք մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են, որոնք արձանագրված են, բայց դրանց վերջը չի երեւում»,- մտահոգություն հայտնեց նա։
Թեւան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ բանակում առկա խնդիրները կլուծվեն, եթե ունենանք համակարգային փոփոխություններ։
«Համակարգային փոփոխություններ են պետք, այլապես երեխաներն իրենց հետ բերելու են փողոցի բարքերը, սպաները բերելու են փողոցի, մի հատ էլ՝ Վազգեն Սարգսյանի կիսագաղութային բարքերը։ Երբ առաջ զորամասերն ունեին իրենց գաուբախտ կոչված սենյակները, պատիժ կրողը դուրս չէր գալիս զորամասի տարածքից, իսկ հիմա ՔԿՀ գնալ, վերադառնալուց հետո նա իր հետ բերում է նաեւ ՔԿՀ-ի բարքերը»,- ասաց Պողոսյանը։
Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով էլ՝ պետք է ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, որ ծառայության մեկնեն բացառապես պատրաստված անձինք։ Նա կարեւորեց նաեւ հասարակության դերը խնդրի լուծման հարցում։
«Սեյրան Օհանյանի դեմ հանրային պահանջ պետք է ներկայացնել, ոչ թե ասել՝ համատարած կրկես են սարքել, ես էլ 5000 դրամ կվերցնեմ, կընտրեմ։ Այդտեղից են առաջանում խնդիրները»,- ասաց նա։





























