Այսօր «Թեքեյան» կենտրոնում «Ոչ մի թիզ հող» թեմայի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ «Միացում» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը երիտասարդներին առաջարկեց այսօրվանից ցուցակագրել այն մարդկանց, ովքեր կհամարձակվեն պարտվողական քաղաքականության քարոզչություն անել։

Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Տիգրան Խզմալյանն առաջարկել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ ստեղծել նոր ընդդիմություն, քանի որ այս ընդդիմությունը չկարողացավ զսպել իշխանությանը, այսինքն, եթե իշխանությունը վախենար ընդդիմությունից, ղարաբաղյան հակամարտության կարգավորման այսպիսի ճանապարհ չէր ընտրի. «Ցավոք ընդդիմությունը մեզ հետ չէ ղարաբաղյան հարցում, այստեղ նրանք ցավոք միակարծիք են դարձել իշխանության հետ, մենք պետք է վերակազմավորենք ընդդիմությունը», ասել է նա։

Տիգրան Խզմալյանը նաեւ կոչ արել սկսել սոցիալական հեղափոխություն, սեփականության հարց լուծող հեղափոխություն, «հակառակ դեպքում կկորցենք ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը»։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքերով, դժվարությունները կարող են շատ հեշտ հաղթահարվել, եթե ունենանք միասնական կամք, եթե իշխանավորների հետ միասնական մոտեցում ունենանք մեր պետականության եւ մեր անկախության վերաբերյալ, բայց ցավոք, այսօրվա իշխանություները օտարված են ժողովրդից։


NEWS.am-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իշխանության քայլերի վերաբերյալ տեսակետներ հայտնեցին նաեւ արցախյան ազատամարտիկները. Հուսիկ Բաղդասարյան բացառում է տարածք վերադարձնելու հանգամանքը, հայ ժողովուրդը երբեք դրան չի համաձայնի։ Պատերազմի կհամաձայնի ու տարածք չի հանձնի։ «Ես՝ որպես պատերազմի մասնակից, յուրաքանչյուր թիզի վրա ունեմ զոհված ընկեր, այս տարածքները մեր ժողովրդի պայքարի արդյունքն են։ Մի թղթի հարվածով շրջաններ հետ չեն տա։ Քանի դեռ կենդանի ենք, այդ քայլը թույլ չենք տա», ասել է նա։ «Հազարավոր ազատամարտիկների արյան գնով ազատագրված տարածքները եթե ստորագրությամբ հանձնում ենք, նշանակում է հայ զինվորը այլեւս չի կարող տարածք պաշտպանել կամ ազատագրել»,- իր հերթին նշել է ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։

Քննարկմանը մասնակցում էին մի քանի տասնյակ քաղաքացիներ, պատերազմի վետերաններ, արցախյան ազատամարտիկներ, ինչպես նաեւ պաշտպանության նախկին նախարարներ։