Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն սեպտեմբերի 7-8-ը կայցելի Վրաստան։
Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, թուրք նախարարը Վրաստան կժամանի BUKET նավի թուրք նավապետ Մեհմեդ Օզթուրքին 24-տարվա ազատազրկման դատապարտելու հարցի քննարկման նպատակով։ Օզթուրքը դատապարտվել է այն բանի համար, որ Պանամայի դրոշի ներքո նավարկող նավը, որի նավապետն էր նա, վեց անգամ ապօրինի կերպով մտել է Աբխազիայի ջրային տարածք և բեռներ հասցրել այնտեղ, որոնք Վրաստանի կողմից ճանաչվել են որպես մաքսանենգ ապրանքներ։
Ըստ վրացական լրատվամիջոցների տվյալների, թուրք նախարարը մտադիր է պահանջելու՝ վերանայել դատավճիռը՝ ավելի լիբերալ որոշում կայացնելու նպատակով։ Վրացական դատարանն առգրավել է նաև բեռնանավը, և այն վաճառքի կհանվի աճուդի միջոցով։




























