Դեմի Մուր եւ Էշթոն Քետչեր աստղային զույգը բացել է ՄԱԿ-ի նոր հիմնադրամի աշխատանքները, որը զբաղվելու է մարդկանց վաճառքից տուժածներին օգնություն ցուցաբերելով: Այս մասին հայտարարվել է Նյու Յորքում կայացած ասուլիս ժամանակ, որին բացի աստղային զույգից, մասնակցել են նաեւ ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի վարչության ղեկավար Յուրի Ֆեդոտովը:
Դեմի Մուրն ասել է, որ Էշթոնի հետ միասին իրենք խոսել են շատ երեխաների հետ, ովքեր դարձել են սեքս-ստրկության զոհեր եւ բռնի կերպով մասնակցել ռազմական հակամարտություններին: Դերասանուհին բերել է սարսափեցնող տվյալներ: Նրա խոսքով երեխա-զիվորների միջին տարիքը 13 է:
«Հանցագործները տարեկան միջինն ստանում են 200 հազար դոլար ամեն մի աղջկա դիմաց, ում նրանք ստիպում են զբաղվել սեքս-ստրկությամբ: Այս երեխաներին պարբերաբար բռնաբարում են: Միայն հարյուրից մեկին է հաջողվում փրկվել»,-ասել է Դեմի Մուրը:
Իսկ Էշթոն Քետչերը դիմելով պետություններին, կոչ է արել մարդկանց վաճառքին նայել ոչ միայն որպես մարդասիրական խնդիր, այլ նաեւ ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք եւ մարտահրավեր:
«Երեխաների վաճառքով զբաղվող նույն հանցավոր խմբավորումները, զբաղվում են նաեւ թմրամիջոցների եւ զենքի անօրինական վաճառքով: Իսկ նրանց եկամուտները հետագայում ծախսվում է ահաբեկիչներին ֆինանսավորելու համար»,-նշել է դերասանը:
ՄԱԿ-ի տվյալներով մարդկանց վաճառքը մեծ, միլիարդավոր գումարների հետ կապ ունեցող անօրինական բիզնես է, որը զիջում է միայն թմրանյութերի վաճառքին:




























