Այսօր Լոս Անջելեսի Գլենդեյլ արվարձանի Forest Lawn գերեզմանոցում վերջապես տեղի է ունեցել աշխարհահռչակ փոփ-երգիչ Մայքլ Ջեքսոնի հուղարկավորման արարողությունը՝ փոփ գերաստղի մահվանից ավելի քան երկու ամիս անց։ Բացի երգչի բազմաթիվ հարազատներից, թաղմանը մասնակցել են նաեւ փոփ-արքայի ընկերները, մասնավորապես Էլիզաբեթ Թեյլորը, Բարրի Բոնդսը, Մաքոլեյ Քալքինը եւ Սթիվի Ուոնդերը:

Մայքլ Ջեքսոնի մարմինը հողին է հանձնվել Գլենդեյլ քաղաքի «Ֆորեսթ Լոն Մեմորիալ» այգում, որտեղ հանգչում են շոու-բիզնեսի հոլիվուդյան այնպիսի լեգենդների մարմինները, ինչպիսիք են Ուոլտ Դիսնեյը, Համֆրի Բոգարտը, Էրոլ Ֆլինը։ Մայքլ Ջեքսոնի մահվան պատճառ է դարձել ցավազրկող ուժեղ դեղամիջոցների չարաշահումը: 51-ամյա փոփ գերաստղը մահացել է հունիսի 25-ին։