ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած բանաձեւը չի քննարկելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Բանաձեւը հանվել է ՆԱՏՕ-ի ԽՎ օրակարգից»,- հայտարարեց Ավագյանը, կրկին հաստատելով Երեւանի դիրքորոշումը, ըստ որի բանակցային գործընթացը պետք է ընթանա բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով:
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի կողմից ներկայացրած բանաձեւը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում չքննարկելու խնդրանքով ՆԱՏՕ-ին է դիմել նաեւ Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Ավելի վաղ նշվում էր, որ ԼՂ խնդրի վերաբերյալ բանաձեւի նախագիծը ներառվելու է Վարշավայում նոյեմբերի 12-16-ին կայանալիք ՆԱՏՕ-ի ԽՎ նիստերի օրակարգ: Բանաձեւը պատրաստել էր կանադացի համազեկուցող Ռեյնալդ Անդրեյչուկը, որի քվեարկությունը պետք է լիներ նոյեմբերի 14-ին:


























