«Չեմ բացառում, որ Ազատության հրապարակում պաշտոնյաների ստրիպտիզ էլ կկազմակերպեն»,- նոյեմբեր 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս են իրենք վերանվաճելու Ազատության հրապարակը։
«Կարծում եք մեր քայլերը պետք է հարմարեցնենք այն գործընթացին, թե իրենց թատերական բեմականացումները հաջողվո՞ւմ են, թե՞ ոչ»,- հարց հնչեցրեց նա՝ անդրադառնալով վերջին 1-1,5 ամսում Ազատության հրապարակում գործող հուշանվերների վաճառքի փաստին։
«Մենք երբեք լուրջ չենք ընդունել նրանց այդ բեմականացումները։ Հիմա այդ մարդիկ գնացել են հրապարակից, սակայն իշխանությունները մի նոր ստոր բան կհորինեն։ Մանուկների կենդանի վահանը ստեղծեցին, առեւտրականներին փորձեցին բերել, փորձեցին հրապարակի տեսքը ապականել անիմաստ կարուսելներով։ Հիմա էլ, ասում եմ, կարող են ստրիպտիզի գնալ»,- ասաց Զուրաբյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ Ազատության հրապարակի վերանվաճումը տեղի կունենա այնպիսի ֆոնի վրա, որը ոչ մի տարակուսանք չի առաջացնի ոչ հայաստանյան, ոչ էլ միջազգային հանրության մոտ։
Անդրադառնալով իշխանափոխության թեմային՝ Զուրաբյանը նկատեց, որ ամենահավանականը ժողովրդական ընդվզումն է, որին «ռեժիմը չի կարողանալու այնպիսի պատասխան տալ, ինչպիսին տվեց 2008 թվականի մարտի 1-ին»:
Պատասխանելով հարցին, թե որքա՞ն հավանական է համարում արտահերթ ընտրությունները, Զուրաբյանը նշեց. «Այն մարդիկ, ովքեր ասում են, որ արտահերթ ընտրությունների նախադրյալներ չկան, ակամայից խանգարում են դրան»:


























