Ամերիկյան Fox News հեռուստաալիքի հաղորդավար Բիլ Օ՛Ռայլին հայտարարել է, որ մտադիր չէ առաջիկա տարիներին ներողություն խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին արած արտահայտության համար: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ես աշխատում եմ այդ ներողության ուղղությամբ, բայց դա կարող է որոշ ժամանակ խլել: Հնարավոր է, մինչեւ... 2023 թվականը»,- կատակել է լրագրողը:
Բիլ Օ՛Ռայլին սկանդալային արտահայտությունն արել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցի ժամանակ:
Ռուսաստանի նախագահի նկատմամբ վերաբերմունքի մասին լրագրողի հարցին Թրամփը պատասխանել էր, որ հարգում է Պուտինին, ինչպես բազմաթիվ մարդկանց, եւ արագորեն հավելել, որ «դա չի նշանակում, որ ինքը բոլորի հետ լավ հարաբերություններ ունի»:
«Բայց նա մարդասպան է»,- հայտարարել էր Օ՛Ռայլին:
«Մարդասպանները շատ են: Մեզ մոտ բազմաթիվ մարդասպաններ կան: Կարծում եք, որ մեր երկիրն անմե՞ղ է»,- նշել էր Թրամփը եւ կրկնել իր նախընտրական թեզը՝ «Ռուսաստանի հետ ավելի լավ է ընկերություն անել, քան հակառակը»:
Կրեմլում Օ՛Ռայլիի արտահայտությունն անթույլատրելի ու վիրավորական են կոչել: «Անկեղծ ասած, կնախընտրեինք, իհարկե, ներողություն ստանալ նման հարգարան հեռուստաընկերությունից»,- հայտարարել էր ՌԴ նախագահի մամուլի Դմիտրի Պեսկովը՝ չմեկնաբանելով լրագրողի հարցին Թրամփի պատասխանը:


























