«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետը կարողանո՞ւմ է հարված պահել: Կարծես կարողանում է: Նախորդ տարվա վերջին իրերի «դասավորությունը», հատկապես տնտեսության վիճակը, Կարեն Կարապետյանի փոքր-ինչ անսպասելի-անհասկանալի անդամակցումը ՀՀԿ-ին, տեսակի անսովորությունը, անկեղծության դոզան, ուրույն-լակոնիկ ոճը, «նոն-ստոպ» ասուլիսները տպավորություն էին թողնում, որ նա շատ արագ կսպառվի ու իշխանությունների, առավել ստույգ, ՀՀԿ «լեգենդը»` ընտրությունների գնալ առանց օդիոզ ֆիգուրների, նախընտրական քարոզարշավը հիմնականում կառուցելով Կարեն Կարապետյանի վրա, օճառի պղպջակի նման հօդս կցնդի` տակը ոչինչ չթողնելով:
Կարծես այդպես չեղավ: Ճիշտ է, իր «ինֆրաստրուկտուրայով» Կարեն Կարապետյանին դասական կուսակցական գործիչ չես համարի: Վերջինս իր ռիտորիկան առավելաբար կառուցում է անմիջականության, մարդկային շփման խարիսխներով, ընդ որում` «խաղը» պահելով լուրջ վերահսկողության եւ ընդգծված դոզավորման «տակ»…
Հարց. Կարեն Կարապետյանը երկրո՞րդ շնչառության գործիչ է: Նախկինում՝ կարծես ոչ (նա դուրս էր եկել քաղաքապետարանից եւ չէր վերադարձել): Իսկ այսօ՞ր: Նրա շնչառությունը բացվեց վերջերս. երկու տրիվիալ պատճառով՝ քաղաքական եւ տնտեսական:
Եվ որքան էլ պարադոքսալ թվա, Կարեն Կարապետյանի քաղաքական «վերհառնումին» անչափ օգնեց Հովիկ Աբրահամյանը՝ «հարված չպահելու», թույլ տված ապահաշվարկների պատճառով: Այդ թվում` մոսկովյան յուր այցով, Մեդվեդեւի հետ հանդիպմամբ, որին ի շարունակություն մեկ-երկու օր հետո վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով մեկնեց Ռուսաստան. հիշենք, որ տասը տարուց ավելի հայաստանյան որեւէ վարչապետ նման բարձր այցով չէր եղել Մոսկվայում:
Մոսկովյան այցի դեֆակտո նշանակությունն անգամ այդ չէր: Այցի ընթացքում լուծում գտավ Հայաստանին, անշուշտ, նաեւ Կարեն Կարապետյանին հուզող գլխավոր հարցը. վերջինիս սեպտեմբերյան նշանակումից ի վեր Հայաստանում որեւէ լուրջ ներդրման մասին խոսք չէր եղել, թեեւ սպասումներն այդ առումով անչափ մեծ էին, եւ զուր չէր, որ քաղաքական կուլիսներում արդեն իսկ շեշտադրում էին. «Կարենը տնտեսությունը կգցի ոտքին ու մինչեւ ապրիլ չի ձգի»: Այսպիսով, մոսկովյան այցի ընթացքում մի քանի մակարդակներում արվեցին հավաստիացումներ, որ եկել է «անկեղծության պահը», ինչի արդյունքում 300 միլիոն դոլարից ավելի ներդրում կանի ոչ անհայտ հայ գործարար Սամվել Կարապետյանը, նրանից հետ չեն մնա ռուսաստանաբնակ երեսուն հայ գործարարներ եւս, ինչպես նաեւ Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամը: Ընդհանուր թվով, խոսքը, ինչպես օրերս տեղեկացրեց Կարեն Կարապետյանը, 2,4 միլիարդ դոլարի մասին է, որից 850 մլն-ը կլինի առաջիկայում, որպես ուղղակի ներդրում: Համեմատության համար նշենք, որ 2016-ին ներդրումների ծավալը չի գերազանցել 160-200 միլիոնի սահմանը:
Ասել է` նման թվերը կարող են ՀՀ «անկյալ» տնտեսության համար լուրջ բեկում ապահովել: Աչքներս տեսնի:
Ու թե սրան էլ հավելում ենք օրումեջ Գյումրի փութացող, պատմական Կումայրին լրջորեն արժեւորող, ընդդիմադիր քաղաքում իր անձնական միջոցներից (5 հարյուր հազար դոլար) «դիլխորներին» «անտիդիլխոր-դոպինգի» ենթարկող, 10-միլիոնանոց հիմադրամի հիմնարկեքը կատարած Կարեն Կարապետյանի «անդուլ ջանքը», ապա կարելի է եւ ֆիքսել. Ինչ-որ բան նրան կարծես թե հաջողվում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


























