Հուլիսի 2-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Հունաստանի արտաքին գործերի նախարար Դորա Բակոյանիսին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին` Հայաստանի խորհրդարանի նախագահը կարևորեց ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հարավային Կովկաս և հույս հայտնեց, որ այցի ընթացքում նա կկարողանա սկզբնաղբյուրներից տեղեկանալ տարածաշրջանում առկա խնդիրներին: Նա բարձր գնահատեց ԵԱՀԿ դերը Հարավային Կովկասում և ԵԱՀԿ ամբողջ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում:
Աբրահամյանը նաև բարձր գնահատեց ԵԱՀԿ ներդրումը և աջակցությունը Հայաստանում և ԵԱՀԿ այլ մասնակից պետություններում ժողովրդավարական հաստատությունները և մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու և զարգացնելու գործում: Այդ համատեքստում զրուցակիցները կարևորեցին Երևանում ԵԱՀԿ գրասենյակի, ինչպես նաև ԵԱՀԿ այլ գործադիր մարմինների հետ Հայաստանի իշխանությունների ու քաղաքացիական հասարակության հաստատությունների համագործակցությունը:
Այնուհետև կողմերը քննարկեցին Արցախի հիմնախնդրի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգմանը և Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Դ. Բակոյանիսի խնդրանքով Հ. Աբրահամյանը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև նախագահի նախաձեռնությամբ վերջերս ԱԺ կողմից հայտարարված համաներման արդյունքները:



















