Եթե «Ժառանգությունը» քաղաքական գործընթացներին չմասնակցի սեփական անվան տակ, ես չեմ պատրաստվում միանալ որևէ միավորի: Այս մասին պարզաբանում է ներկայացել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով տեղեկատվությանը, որ հնարավոր է, ընդգրկվի ԵԼՔ դաշինքի ցուցակում:

Նա իր պարզաբանման մեջ, մասնավորապես, նշել է.

«Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության 25-ամյա պատմության ընթացքում իր սխալներով եւ ձախողումներով, հաջողություններով եւ հաղթանակներով մտել է նոր փուլ:

Այս նոր փուլին նախորդած 2016 թվականը ոչ միայն հայ ժողովրդի համար բեկումնային տարի էր` ցնցումների եւ ժայթքումների իմաստով (պատերազմ եւ ապստամբություն), այլ նաեւ «Ժառանգություն» կուսակցության գործունեության բնականոն ընթացքի խաթարման իմաստով նույնպես:

Այժմ «Ժառանգություն» կուսակցությունը պետք է կայացնի կարեւոր որոշում` 2017 թվականի քաղաքական գործընթացներին իր մասնակցության ձեւի ու բովանդակության վերաբերյալ:

Մերժելով «Ժառանգություն» կուսակցության իմ գործընկերների կողմից դաշինքով մասնակցությունը «Խորհրդարանական ընտրություններ» անվան տակ քաղաքական գործընթացին` իմ դիրքորոշման հիմքում ընկած է քաղաքականությամբ զբաղվելու հիմնական կանոնը` համաձայնություն սկզբունքների, ծրագրի եւ գաղափարախոսության շուրջ:

Հուսով եմ, որ «Ժառանգություն» կուսակցությունն իր մեջ ուժ եւ իմաստություն կգտնի իր մասնակցությունը բերելու քաղաքական գործընթացներին սեփական անվան տակ: Հակառակ դեպքում` ես չեմ պատրաստվում միանալ որեւէ միավորի»: