Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը հերքել է «Սինջար» եզդիական ՀԿ ղեկավար Բորիս Մուրազիի մեղադրանքները Արագածոտնի մարզի Թլիկ սահմանամերձ գյուղի ջրամատակարարման հարցով։

Բորիս Մուրազին լրատվամիջոցներին հայտնել էր, որ գյուղացիներն իրենց միջոցներով ջրամատակարարումն ապահովելու համար նոր պոմպ  են գնել, բայց այն տեղադրելու համար տարածք մուտք գործելու անցագիր է պետք, քանի որ գյուղը սահմանամերձ է, իսկ ռուս սահմանապահները ավելի քան մեկ ամիս մասնագետներին թույլ չեն տալիս վերանորոգել պոմպը՝ պահանջելով հատուկ անցագիր։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից էլ հայտնել էին, որ  Ջրային տնտեսության պետական կոմիտեում այդ մասին որեւէ ահազանգ չի ստացվել:

ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը հիշեցնում է, որ ՀՀ Կառավարության 12.05.2011թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության պետական սահմանին սահմանապահ ռեժիմ սահմանելու եւ  պետական սահմանով անցակետերում ռեժիմի մասին» № 735-Н որոշման համաձայն՝ ԱԱԾ, ՀՀ Ոստիկանության, Տրանսպորտի եւ կապի նախարարության, հարկային կամ մաքսային մարմինների ներկայացուցիչների մուտքն իրականցվում է ծառայողական վկայականներով եւ գործուղման վկայագրերով, որոնք տրամադրում է լիազոր պաշտոնական անձը։

Այդպիսով, վթարային եւ այլ չկանխատեսված իրավիճակներ առաջանալու դեպքում անցագիր չի ձեւակերպվում, իսկ անցումն իրականացվում է վերոնշյալ փաստաթղթերով։