Ամերիկյան Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի ոստիկանությունն ակտիվիստների է ձերբակալել, որոնք փորձել են խոչընդոտել նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրին համապատասխան արտաքսել միգրացիոն օրենքը խախտող մեքսիկուհուն: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NBC 12 հեռուստաալիքը:
Տեղի բնակիչները բողոքի են դուրս եկել Մեքսիկայի 36-ամյա քաղաքացի Գարսիա դե Ռեյոսի արտաքսման մասին լուրից անմիջապես հետո: Տասնյակ մարդիկ, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպաններ, փակել են ավտոբուսի ճանապարհը եւ թույլ չեն տվել արտաքսել Ռեյոսին, որն ԱՄՆ-ում բնակվում է ամուսնու եւ երկու երեխաների հետ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները սկսել են ձերբակալել ակտիվիստներին:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կնոջը, ամեն դեպքում, արտաքսել են: Գարսիա դե Ռեյոսն ԱՄՆ է փոխադրվել 14 տարեկանում եւ երկրում ապրել 22 տարի: Ռեյոսի ձերբակալությունն ու արտաքսումը անօրինական միգրանտների հարցով Թրամփի հանձնարարականի իրականացման առաջին դեպքն է Արիզոնայում:




























