Հայաստանի Հանրապետության եւ Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Բերտ Կունդերսը ուղերձներ փոխանակեցին՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր խթան հանդիսացավ երկու ժողովուրդների դարավոր կապերի համար՝ դրանք բարձրացնելով պետական մակարդակի: Անցած քառորդ դարի ընթացքում ՆԹ-ն հանդիսացավ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումների գործընթացների կարեւոր աջակիցը: Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատում Նիդերլանդների Թագավորության հետ փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա հիմնված համագործակցությունը, որն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ գործընկերություն միջազգային կազմակերություններում, քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական համագործակցություն, մշակութային եւ ակադեմիական փոխանակումներ:
Նախարար Կունդերսն իր ուղերձում բարձր է գնահատում երկկողմ հարաբերությունները, որոնք տարիների ընթացքում ավելի են խորացել, ինչը դրսեւորվում է արդյունավետ երկկողմ այցերով, քաղաքական երկխոսությամբ: Նիդերլանդների արտգործնախարարը նշում է, որ երկու պետությունները միասին աշխատում են մի շարք միջազգային կառույցների շրջանակներում եւ բազմաթիվ այլ ոլորտներում: Բերտ Կունդերսն ընդգծում է, որ Նիդերլանդների Թագավորությունը ողջունում է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կապերի սերտացումը, եւ հայտնում է Նիդերլանդների աջակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Հայաստանի եւ ԵՄ միջեւ համապարփակ համագործակցության առավել զարգացմանն ուղղված ներկա ջանքերին:




























