Հայաստանցի ուսանողները, որոնք սովորել են Ֆրանսիայում կարող են այնտեղ հեշտությամբ աշխատանքի ընդունվել: Այս մասին փետրվարի 9-ին՝ խորհրդարանում ասաց պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ ներկայացնելով միգրացիոն գործընկերության հայ-ֆրանսիական համաձայնագիրը, որը ստորագրվել է 2016 թվականի հոկտեմբերին Փարիզում:
Ֆրանսիայի բուհերում սովորած հայ ուսանողները միջազգային բուհական պայմանագրերով կարող են աշխատանքի տեղավորվել մասնագիտությամբ՝ առանց լրացուցիչ թույլտվության: Իսկ այդ գործընթացը երկար է եւ հաճախ բացասական, նշեց նա:
Նման թույլտվություններ ստանալուց կազատվեն նաեւ բարձրոակ մասնագետները, հավելեց նա:
Նա հայտնեց, որ Ֆրանսիան առաջին երկիրն է, որը Հայաստանի հետ նման բովանդակությամբ պայմանագիր է կնքել: Պայմանագրաիրավական բազան նախատեսում է նաեւ վերաինտեգրման համագործակցություն, այդ թվում՝ վերադարձող ապօրինի մեկնածներին աջակցություն: Նախատեսված է իրենց փոքրիկ բիզնեսը հիմնելու հարցում նրանց աջակցելու հնարավորություն:




























