ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վերջին տասը տարիներին բավական փոխվել է:
1999թ.-ին նա Սերժ Սարգսյանի ամենաակտիվ հակառակորդներից էր եւ Անդրանիկ Մարգարյանի ու այլ հանրապետականների հետ պահանջում էր նրա հրաժարականը՝անգամ վերջնագրեր ներկայացնելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Իսկ արդեն այսօր Գալուստ Սահակյանը լրագրողներին առաջարկեց դիմել ժողովրդին՝ աղոթելու… որ Սերժ Սարգսյանի մտքով հանկարծ չանցնի հրաժարական տալ: «Փաստարկ» ակումբում լրագրողներից մեկի հարցին, թե հնարավոր է, որ երրորդ երկրները ստիպեն Սերժ Սարգսյանին՝ ստորագրելու ոչ հայանպաստ լուծման տակ. Գալուստ Սահակյանը եկեղեցականին վայել պաթոսով պատասխանեց. «Որեւէ մեկը չի կարող Սերժ Սարգսյանի վրա ճնշում գործադրել այս հարցում. դա իր տեսակն է: Ժողովրդին պիտի սովորեցնել, որ աղոթի, որ երբեք ու երբեք Սերժ Սարգսյանի մտքով չանցնի հրաժարական տալ: Մենք կընկնենք այնպիսի քամիների տակ…»: Ափսոս, որ Սահակյանն այդպես էլ չմանրամասնեց, թե «մենք» ասելով ում նկատի ունի՝ Հայաստանին, թե իրեն ու հանրապետականներին:




























