Իտալիայի կառավարությունն ընդունել է միջոցների փաթեթը, որի նպատակն է բարելավել երկրում միգրացիոն հոսքերի կառավարումը։ Դրա առանցքային դրույթը այն միգրանտների վերադարձը կազմակերպելն է, որոնց կեցությունը Իտալիայում անօրինական է ճանաչվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մեր ռազմավարական նպատակն է ոչ թե ամրացնել դռները, այլ միգրացիոն հոսքերը անկառավարելի երեւույթից վերածել կառավարելիի, որի դեպքում նրանց ժամանելը մեր երկիր կիրականացվեր մարդասիրական միջանցքներով»,– ասել է Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլիոնին։
Նշենք, որ 2017–ի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել ավելի քան 11 հազար ներգաղթյալ, որոնցից 85 տոկոսը Ապենինյան թերակղզում են ապրում։ Իտալիայի ՆԳՆ տվյալներով՝ անցյալ տարի աֆրիկյան նեղուցով երկիր է ժամանել 181 հազար մարդ։



























