Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրություններում Թուրքիայի կողմից առաջ քաշված որեւէ նախապայման չկա: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Վերջինս ոչ ավելի, ոչ պակաս, ազդարարեց, որ նախապայմանների առկայության մասին խոսում են «վատ գրագիտություն ու մտածողություն ունեցող մարդիկ»:
«Որեւէ ենթատեքստ չկա: Հայանպաստ գործողություններ, պրոցեսներ են ընթանում»,- նշեց Սահակյանը, իսկ դիտարկմանը, թե անգամ արձանագրությունների հրապարակումից հետո Թուրքիայի վարչապետն ասում է, որ սահմանները կբացվեն միայն ԼՂ հարցի լուծումից հետո, նկատեց. «Թուրքիան կարող է նախապայմաններ առաջ քաշել: Մենք ունենք այն, ինչ ունենք»:
Ավելին, ըստ Սահակյանի՝ արձանագրություններում պահանջ չկա ցեղասպանության հարցը քննարկող հանձնաժողովի մասին: «Ցեղասպանության պատմական քննարկումներ Հայաստանը երբեք չի կատարելու»,- նշեց Գալուստ Սահակյանը եւ հավելեց, թե պատմական հարցերը քննարկող կառավարական հանձնաժողովը զբաղվելու է… եկեղեցիների հուշարձանների, տեղանունների վերականգման հարցերով:




























