Սա 13-րդ մրցույթն է, որին մասնակցում է «Ա1+»-ը, եւ մասնակցում է, իհարկե, հաղթելու տրամադրությամբ. այդ է պատճառը, որ մենք լրջորեն զբաղվել ենք փաթեթի պատրաստման ուղղությամբ։ Նոյեմբերի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը։

«Այսօրվա օրով մեր կողմից ներկայացված է մի փաթեթ՝ բիզնես ծրագիր՝ հաշվարկած 5 տարի աշխատանքի եւ 5 տարի զարգացման ուղղվածությամբ։ Փաթեթն իր մեջ պարունակում է ինչպես նկարագրական մաս, այնպես էլ ֆինանսական հաշվարկներ։ Այդ բիզնես ծրագիրը պատրաստվել է արտասհմանցի մասնագետների, ավելի կոնկրետ՝ «MDLF» ամերիկյան կազմակերպության հետ համատեղ, որն այդպիսի ծրագրերի մեծ փորձ ունի։ Սա ինձ հույս է ներշնչում, որ մեր ծրագիրը բավականին հաջողված է։ Ծրագիրը վերաքննվել է միջազգային ուրիշ ընկերության կողմից, որն էլ մեծ հավանություն է տվել դրան»,- տեղեկացրեց Մեսրոպ Մովսիսյանը։

«Ինչ վերաբերում է կապուղիների տրամադրման մրցույթից ունեցած սպասելիքներիս, ապա չեմ կարող ասել, որ գոհ եմ դրանից։ 2 պատճառով՝ նախ ստեղծված չէին հավասար պայմաններ եւ «Արմնյուզի» կողմից մրցույթին ներկայացված էր մի փաթեթ, որը շատ նման էր լուրջ հեքիաթի։ Այն, ինչ կար այդ ծրագրում, իրականության հետ որեւէ կապ չուներ»,- նշեց «Ա1+»-ի տնօրենը՝ հիշեցնելով՝ կապուղին, որի համար մրցույթ է հայտարարել «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը», վերահեռարձակման կապուղի չէ։ ««Արմնյուզն», ինչպես հայտնի է, աշխատում է «Արմենիա TV»-ի տեխնիկական բազայով եւ աշխատակազմով։ Դա բավականին լուրջ խախտում է, եւ ինձ համար զարմանալի է, թե ինչու ՀՌԱՀ-ն ուշադրություն չի դարձնում դրա վրա։ Այդ խախտումներն ինձ մեկ ուրիշ բան են հուշում, որ կրկին միտում կա՝ այս անգամ քաղաքական, նորից կապուղի չտրամադրել մեզ։ Չգիտեմ զարգացումներն ինչպես կգնան։ Սակայն իմ կողմից կարող եմ ասել, որ դա նշանակում է նորից վերադարձ դատարան, նորից վերադարձ պատժամիջոցների»,- ընդգծեց Մեսրոպ Մովսիսյանը։

Նշենք, որ  «Ա1+»-ը 2002 թվականից առ այսօր մասնակցել է կապուղիների տրամադրման 12 մրցույթների եւ 12 անգամ էլ մերժվել է։ ՀՌԱՀ-ի կողմից հայտարարված հաջորդ մրցույթը նախանշված է 2010-ի դեկտեմբերի 16-ին։