«Ջերմուկ ինթերնեյշնլ» ընկերությունը, որը հիմնադրվել է 2006թ. եւ իրականացրել  Վրաստանում «Իբերիա Գրուպ» ընկերության կողմից «ՊեպսիԿո» ապրանքանիշով  արտադրվող` Pepsi Cola, Mirinda, 7UP, Mountain Dew եւ Aquafina ըմպելիքների ներմուծումը Հայաստան, որոշել է սկսել հյութերի եւ զովացուցիչ խմիչքների արտադրություն Երեւանում:

2010թ. «Ջերմուկ ինթերնեյշնլը» համաձայնության է եկել «ՊեպսիԿո» ընկերության հետ` Հայաստանում նշված ապրանքների ապակյա ու PET փաթեթավորմամբ արտադրություն սկսելու վերաբերյալ:

Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է Երեւանում (մոտ 25000 մ2 տարածքում) հիմնել զովացուցիչ ըմպելիքների եւ բնական հյութերի արտադրության ժամանակակից գործարան:

Կառուցվող գործարանը հագեցած է լինելու եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով, որի վերաբերյալ արդեն իսկ կնքվել են համապատասխան պայմանագրեր Tetra Pak ընկերության հետ` փաթեթավորման, եւ գերմանական KHS ընկերության հետ` զովացուցիչ ըմպելիքների համար նախատեսված հոսքագծերի ու սարքավորումների ձեռքբերման վերաբերյալ:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներդրումներ իրականացնել մոտ 5 մլրդ դրամի (մոտ 13,5 մլն դոլար) չափով:

Ընկերության կողմից իրականացվող ծրագրի շրջանականերում կստեղծվեն առնվազն 120 նոր աշխատատեղ, որոնք ապահովված կլինեն 120 հազար դրամ (330 դոլար) միջին աշխատավարձով: Ընկերությունը դիմել է կառավարությանը՝ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող սարքավորումների մասով ավելացված արժեքի հարկի տարկետում ստանալու համար։