Հայաստանի Կառավարությունը նոյեմբերի 11-ի նիստում կքննարկի «Պարտադիր զինծառայությունն ընդունված կարգի խախտումով չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու հարցը:

Հատկանշական է, որ փոփոխությունները կներկայացնի ոչ թե պաշտպանության նախարարը, այլ` սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Պաշտպանության նախարարը դեմ չի եղել:

Սփյուռքի նախարարն առաջարկում է պատասխանատվության չենթարկել այն քաղաքացիներին, ովքեր պետությանը որոշակի գումար կվճարեն: Պարտադիր զինծառայություն չանցած եւ 27 տարին լրացած քաղաքացիները յուրաքանչյուր զորակոչին չներկայանալու համար պետությանը պետք է վճարեն նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը: Այժմ նվազագույն աշխատավարձը 30 հազար դրամ է: Հետեւաբար` քաղաքացին պետք է վճարի 3 միլիոն դրամ: