Հայաստանում հասունացել է զինվորական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման անհրաժեշտությունը, ինստիտուտ, որը կզբաղվի բացառապես Զինված ուժերում ծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով։ NEW.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:
«Զինվորական օմբուդսմենի հարցը նախեւառաջ պետք է քննարկվի համապատասխան գերատեսչությունների հետ, ճշտվեն տեխնիկական խնդիրները»,- նշեց նա՝ ավելացնելով, որ վերոնշյալ ինստիտուտի անհրաժեշտությունն ինքը պայմանավորում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի՝ ոլորտին ոչ այնքան մեծ ուշադրություն դարձնելու հանգամանքով։ «Հայաստանի օմբուդսմենը շատ ծանրաբեռնված է բազմաբնույթ խնդիրներով, եւ բանակին վերաբերող հարցերով կարող է զբաղվել բացառապես այդ ոլորտի հարցերով զբաղվող ինստիտուտը։ Այդ մարմինն ավելի շահագրգիռ կլինի զինվորականների իրավունքների պաշտպանությամբ»,- համոզմունք հայտնեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ հարցը լրացուցիչ քննության կարիք ունի։
Ամփոփելով՝ Կարապետյանը տեղեկացրեց, որ խնդիրը Պաշտպանության նախարարության հետ դեռեւս չի քննարկվել։





























