Հռոմում յուրահատուկ ժողով է գումարվելու: Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը որոշել է հրավիրել կարդինալներին, քննարկելու համար Հռոմի կաթոլիկ եկեղեցու արձագանքը հոգեւորականների կողմից կատարված սեռական հանցագործությունների նկատմամբ: Այս մասին հատուկ հայտարարել է Վատիկանը, գրում է Lenta.ru-ն:

Ժողովը կկայանա նոյեմբերի 19-ին: Կհավաքվեն ավելի քան 200 կարդինալներ, որոնց կգլխավորի ամերիկյան կարդինալ Ուիլիամ Ջոզեֆ Լեւադան:

Կաթոլիկ եկեղեցու սպասավորների շրջանում մանկապղծության դեպքերը (նաեւ անառակաբարո գործողությունները, արվամոլությունը, սադոմազոխիստական «վայելքների» հանդեպ հետաքրքրությունը) հրապարակայնություն են ստացել դեռ 2000-ական թվականներին: Այսպես. 2002-ին Բոստոնում 80 հոգեւորականներ մեղադրվել էին սեքսուալ հանցագործությունների մեջ: 2009-ին հրապարակված զեկույցը բացահայտել է 100-ավոր դեպքեր Իռլանդիայում հոգեւորական-պեդոֆիլների վերաբերյալ: Սկանդալներ են գրանցվել ողջ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Խոսքը, հիմնականում եղել է 1960-80-ականներին կատարված հանցագործությունների մասին:

Ինքը` Հռոմի Պապը մեղադրվել է իր կարդինալ եղած ժամանակ պեդոֆիլության դեպքերը կոծկելու մեջ: