Կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) նախկին գործակալը, ով ռուսական հատուկ ծառայությունների օգտին լրտեսություն անելու համար այժմ իր պատիժն է կրում ամերիկյան բանտում, իրեն մեղավոր է ճանաչել նրանում, որ գտնվելով անազատության մեջ՝ իր որդուն օգտագործել է ռուս հետախույզներին տեղեկություններ փոխանցելու համար, հայտնում է «Ասոշիեյթեդ Պրեսը»։
Հարոլդ Նիքոլսոնը 1997 թվականին դատապարտվել էր 23 տարվա ազատազրկման։ Լինելով ԿՀՎ գործակալ՝ նա ռուսական կողմին է փոխանցել ամերիկյան հետախուզական գերատեսչության երիտասարդ կուրսանտների անձնական տվյալները, ինչի դիմաց ստացել է 300 հազար դոլար։
Այս տարվա հունվարին ԱՄՆ իշխանությունները 58-ամյա Նիքոլսոնին նոր մեղադրանք են առաջադրել։ Հետաքննության տվյալներով, 2006-2008 թվականների ընթացքում նա իր 24-ամյա որդուն ուղարկել է աշխարհի տարբեր երկրներ, որպեսզի վերջինս տեղեկություններ փոխանցի ռուս հետախույզներին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նիքոլսոնի վերջնական դատավճիռը կհրապարակվի հունվարին։ Մեղադրող կողմը պահանջում է նրա ժամկետը երկարաձգել եւս 8 տարով։




























