Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանին, Արեգ Գեւորգյանին, Վահագն Գեւորգյանին եւ Սարգիս Խաչատրյանին, որոնց այսօր՝ նոյեմբերի 9-ին տարել էին ոստիկանության Կենտրոնի բաժին, ընդունարանում դաժան ծեծի ու բռնության են ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սարգիս Գեւորգյանի քույրը՝ Անի Գեւորգյանը, ում այդ մասին  ոստիկանությանից զանգահարել եւ տեղեկացրել է եղբայրը՝ Սարգիս Գեւորգյանը։ Նա նաեւ խնդրել է քրոջը շտապ օգնություն կանչել, քանի որ ծեծի ենթարկվածները բժշկի կարիք են զգացել։  Անի Գեւորգյանի կանչից հետո, շտապ օգնության մեքենան ժամանել է ոստիկանություն, սակայն հայտնի չէ, թե, արդյոք, բժիշկներին թույլ տվե՞լ են այցելել ծեծի ենթարկվածներին:

Սարգիս  Գեւորգյանը քրոջը հայտնել է նաեւ, որ երբ ոստիկանության ընդունարանում իրենց ծեծի են ենթարկել ու գցել գետնին, ոստիկաններից մեկն ասել է, թե «Լավ, հերիք ա, թե չէ կսատկեն», իսկ մյուսն ասել է, «Դե ոչինչ, թող սատկեն»։ Թե ինչ վիճակում են այժմ երիտասարդները, հայտնի չէ։ Անի Գեւորգյանը հայտնեց նաեւ, որ այժմ ոստիկանություն է տանում իր երկու եղբայրների Սարգիսի եւ Արեգի անձնագրերը։ Ոստիկանությունում ՀԱԿ ակտիվիստներին է այցելել փաստաբան Վահե Հովսեփյանը, իսկ մյուս փաստաբանը՝ Գիվի Հովհաննիսյանը դեռ դրսում սպասում է։

Նկատնեք, որ այժմ Շառլ Ազնավուրի հրապարակում շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների կազմակերպած ակցիան, որին մասնակցում է շուրջ 200-300 հոգի։ Ակցիան ընթանում է «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատ խոսք» եւ այլ կարգախսների ներքո։ Հրապարակ են այցելել նաեւ Մարդու իրավունքների գրասենյակի աշխատակիցները, ովքեր մինչ այդ եղել են Կենտրոնի ոստիկանությունում։  

Հիշեցնեք, որ նոյեմբերի 9-ին, ժամը 10:15-ի սահմաններում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում (Մոսկվա կինոթատրոնի մոտ) միջադեպ էր գրանցվել ակցիա իրականացնող Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ։ Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արայիկ Պետրոսյանն սկսել է վիրավորանքներ տեղալ երիտասարդների հասցեին եւ արգելել, որպեսզի երիտասարդները երթով իջնեն դեպի Հանրապետության հրապարակ:

Ոստիկանները դեղին ժապավեններով փակել են տարածքը, երիտասարդների թիկունքում տեղադրել են պատնեշներ եւ պահանջել, որպեսզի ակցիայի մասնակիցներն անցնեն պատնեշից այն կողմ: Երիտասարդները հրաժարվել են կատարել այդ պահանջը, ինչի հետեւանքով նրանց տեղափոխել են ոստիկանություն։