Վրաստանում ուրանի մաքսանենգության համար ձերբակալված Հայաստանի քաղաքացիներից մեկը պատրաստ է անվանել առաքիչներին, եթե իր պատիժը մեղմացնեն:

Այդ մասին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

«Թբիլիսիում արդեն վստահ են մաքսանենգ ուրանի ռուսական ծագման մեջ»,- գրել է թերթը: Առայժմ հայտնի չէ՝ համաձա՞յն են դրան Վրաստանի իրավապահները, թե` ոչ:

Հանրապետության ՆԳՆ ներկայացուցիչ Շոթա Ուտիաշվիլին հայտարարել է, թե իր գերատեսչությունն արդեն գիտի, թե ով է հանձնել ուրանը մաքսանենգներին, թեեւ «առաջին աղբյուրը. դեռ հայտնի չէ: Միեւնույն ժամանակ նա համոզմունք է հայտնել, որ ուրանն արտադրվել է Ռուսաստանում:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Հայաստանի երկու քաղաքացիներ փորձել են մարտ ամսին վաճառել բարձր հարստացված ուրանը մարդկանց, որոնց ահաբեկիչներ են համարել: Հանցագործության փաստը հայտնի է դարձել միայն այսօր՝ նոյեմբերի 8-ին:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ապրիլին հայտարարել էր, թե վրացական հատուկ ծառայությունները բացահայտել են եւ խափանել գերհարստացված ուրանը իսլամական ծայրահեղական խմբավորմանը վաճառելու դավադրությունը: Պարզվել է, որ Հայաստանի երկու քաղաքացիներ՝ գործարար Սմբատ Տոնոյանն ու ֆիզիկոս Հրանտ Օհանյանը մեղսակից են մաքսանենգությանը: Երկուսն էլ իրենց մեղավոր են ճանաչել:Ննրանք մաքսանենգ ճանապարհով 18 գրամ բարձր հարստացված ուրան են տեղափոխել Երեւանից Թբիլիսի` սիգարետի տուփի մեջ: Մաքսանենգները մտածել են, որ գործ ունեն իսլամական ծայրահեղականների հետ, սակայն դրանք իրականում եղել են վրացական հատուկ ծառայությունների աշխատակիցներ: Առգրավված ուրանը հարստացված է եղել մինչեւ 89,4 տոկոս եւ, հետեւաբար, կարող էր օգտագործվել ատոմային մարտագլխիկի մեջ։