Միջազգային կառույցները չեն կարող ադեկվատ գնահատական տալ Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, քանի որ նրանց «ձեռքերը կապում է» Ռուսաստանի սուբյեկտիվ դիրքորորշումն այդ կապակցությամբ։ Կլոր սեղանի ժամանակ  նման կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը։ Նրա խոսքով, ռուս փորձագետներն ի սկզբանե տվել են սուբյեկտիվ գնահատական Ադրբեջանում տեղի ունեցած սարսափելի ընտրություններին, դրանք անվանելով բաց, ազատ եւ արդար։

«Այս ֆոնին  եվրոպական կազմակերպություններն ադրբեջանական ընտրություններին չեն կարող տալ կոշտ,օբյեկտիվ գնահատական, վախենալով ասյպիսով Ադրբեջանին դրդել «Ռուսաստանի գիրկը նետվել»,-կարծիք հայտնեց փորձագետը։

Խոսելով  ԼՂ խնդրի կարգավորման վրա տեղի ունեցած ընտրությունների հնարավոր ազդեցության մասին, Սարգսյանն ընդգծեց, որ Բաքվում  ամրապնդված ավտորիտար ռեժիմը կարող է շարունակել հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով, չի բացառվում, որ Բաքուն դիմի նաեւ կոկրետ գործողությունների, իսկ Երեւանի անգործությունը կարող է նպաստել, որպեսզի Բաքվի այդ պլաններն իրականություն դառնան։ Փորձագետի կարծիքով, Ադրբեջանի կողմից բանեցվող ռազմական շանտաժը միակ մեթոդն է, որով Ադրբեջանը փորձում է  աշխարհին հետ պահել ԼՂ անկախությունը ճանաչելուց։  Այս համատեքստում Սարգսյանն անհիմն համարեց Աստանայում տեղի ունենալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում ԼՂ հարցի ուղղությամբ  առաջընթացի արձանագրումը։ «ԵԱՀԿ գագաթաժողովում դժվար թե որեւէ առաջընթաց արձանագրվի ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ»,-հայտարարեց փորձագետը։