Հայաստանի փոքր ՀԷԿ-երի նախագծման եւ շինարարության ընթացքում կան որոշակի խնդիրներ։ Այսօր` նոյեմբերի 9-ին այդ մասին լրագրողներին ասաց Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Կայուն Էներգետիկայի Ֆինանսավորման ծրագրի ղեկավար Տիգրան Փարվանյանը։

Ֆինանսական միջոցների սղության պատճառով երբեմն փոքր ՀԷԿ-երի նախագծման եւ շինարարության ընթացքում տեղի են ունենում որոշակի բացթողումներ, որոնց արդյունքում լիովին չի յուրացվում Հայաստանի համար կարեւոր տեղական ջրային էներգառեսուրսը, որը նաեւ հանգեցնում է ծրագրերի ֆինանսական եւ տեխնիկական ցուցանիշների ցածր մակարդակին:

Այդ խնդիրների լուծման նպատակով IFC-ն`Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում պատրաստվում է կատարել մասնագիտական հետազոտություն, նպատակ ունենալով աջակցել վերականգնվող էներգետիկայի ծրագրերի իրականացմանը եւ ոլորտի հետագա զարգացմանը, հիմնվելով նախագծման եւ շինարարության ընթացքում գոյություն ունեցող համաշխարհային լավագույն փորձի վրա:

Ըստ Փարվանյանի՝ առկա են դեպքեր, երբ փոքր ՀԷԿ-ի շինարարության ընթացքում նախագծից շեղումներ են թույլ տրվում, ինչը հետագայում հանգեցնում է թե ֆինանսական, թե տեխնիկական խնդիրների։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աշխատել ծրագրերի սեփականատերերի, նախագծող ընկերությունների եւ շինարարություն իրականացնող ընկերությունների հետ առկա խնդիրները լուծելու նպատակով: